Share/Bookmark

Ամիլոիդոզ

No comment yet
Ամիլոիդոզը, կամ ամիլոիդային ապասնուցումը (դիստրոֆիան) տարբեր, մեծամասնությամբ անհայտ պատճառներից առաջացած հիվանդությունների խմբային հասկացողություն է, որոնց ընդանուր ախտածագումային երևույթը օրգանիզմի տարբեր հյուսվածքներում բարդ գլիկոպրոտեինային նյութի՝ ամիլոիդի կուտակումն է: Ամիլոիդը չլուծվող, միասեռ, էոզինամետ (հիալինային) նյութերի մի խումբ է, b-պարույրածալված կառուցվածքով: Ամիլոիդային հիվանդությունները բավականին տարբեր են իրենց կլինիկական արտահայտություններով: 

Ամիլոիդոզի ստույգ վիճակագրությունն անհնար է, քանի որ դա կախված է հերծման մանրակրկիթ լինելու հանգամանքից: Համենայն դեպս ամիլոիդոզի առավել մեծ հաճախություն նկարագրված է Իսպանիայում և Պորտուգալիայում, կազմելով հերձման դեպքերի մոտ 1.5 %-ը, իսկ ամիլոիդոզի առավել ցածր հաճախականություն նկարագրված է Ճապոնիայում՝ 0.1 %: Բնակչության կյանքի տևողության երկարացումը հանգեցնում է ամիլոիդոզի հաճախականության հարաճող բարձրացմանը: Նույնիսկ այսպիսի արտահայտություն կա, որ յուրաքանչյուր մարդ կհասնի իր ամիլոիդոզին, եթե բավականին երկար ապրի: Սիրտ-անոթային և ուռուցքային հիմնահարցերի լուծումից հետո մարդկության առջև հաջորդը կհայտնվի ամիլոիդոզի հիմնահարցը: 

Ամիլոիդ ամվանումը տվել է Virchow-ը, որը նշել է, որ յոդը ներկում է այն նարնջադարչնագույն, իսկ ծծմբաթթվով հաջորդող մշակումը դարձնում է ամիլոիդը երկնագույնից մինչև մանուշակագույն: Քանի որ օսլան (amylum) նույնպես ենթարկվում է նմանաձև ներկմանը, այդ նյութն անվանվեց ամիլոիդ, ինչը նշանակում է «օսլայի նման»: Ամիլոիդոզը որպես հիվանդություն առաջին անգամ նկարագրվել է Ռոկիտանսկու կողմից 1844 թ. (Rokitansky), որն անվանեց այդ ախտընթացը «ճարպաձև փոփոխում» (lardaceous change): «Ամիլոիդոզ» անվանումն այսօր արդեն համապատասխան չէ հիվանդության էությանը, քանի որ ամիլոիդը և օսլան քիմիապես խիստ տարբեր են: Սակայն ոչ մեկի դուրը չի գալիս «b-ֆիբրիլյոզ» (beta-fibrillosis) անվանումը: Այնպես որ հիվանդության էությունը չարտահայտող, սակայն, ավանդաբար ընդունված «ամիլոիդոզ» անվանումը, ըստ երևույթին, հավերժ գրանցում ստացավ բժշկական բառապաշարում: 

Ամիլոիդոզը հաճախ ընթանում է չախտորոշված: Ամիլոիդոզի դասական ձևերով տառապող հիվանդներն, որպես օրենք, ճիշտ ախտորոշվում են մոտ մեկ տարվա ընթացքում: Մեկուսացած սրտային ամիլոիդոզն անհայտ թվով սրտի հիվանդությունների հիմքն է հանդիսանում: Սովորաբար, կենսազննումը նրանց մոտ չի կատարվում: Ալցհեյմերի հիվանդությունը հիմնականում հերձման ախտորոշում է, և ամիլոիդը կանոնավոր հայտնաբերվում է այդ հիվանդների գլխուղեղի անոթներում: 

Ամիլոիդների մեծամասնությունն առողջ օրգանիզմում գոյություն ունեցեցող տարբեր բնականոն սպիտակուցների փոփոխված ձևերն են: Պատճառները և ախտածագումային մեխանիզմների մեծամասնությունն անհայտ են: Քննարկվում են ախտածագման բազմաթիվ տեսություններ: 

Այսօր, ամիլոիդոզները դասակարգում են ըստ սպիտակուցների, որոնցից ածանցվում են ամիլոիդները: Իմունոգլոբուլինների թեթև շղթաներից առաջացող ամիլոիդ («B ամիլոիդ», «AL-ամիլոիդ», «իմունոցիտներից առաջացած ամիլոիդոզ», «B-բջջային դիսկրազիա ամիլոիդոզով», հին անվանումը «առաջնային ամիլոիդոզ»): Այն սովորաբար ներգրավում է տարբեր օրգաններ: 

AAP-սպիտակուցից ածանցված ամիլոիդոզ ("A ամիլոիդ", "AA ամիլոիդ", "հակազդային համակարգային ամիլոիդոզ", հին անվանումը "երկրորդային ամիլոիդոզ", "պերմանգանատազգայուն ամիլոիդոզ"): Այդ ամիլոիդի բաղադրամասերից հիմնականն ածանցվում է այլ լուծվող սպիտակուցից՝ շիճուկային ամիլոիդոզի հետ կապված սպիտակուցից (serum amyloid associated protein; SAA ; AAP; serpin): Այդ մեծ շիճուկային սպիտակուցը սովորոբար առկա է շատ ցածր քանակությամբ: Լյարդն ուժեղացնում է AAP-ի արտադրությունն ի պատասխան մակրոֆագներից ինտերլեյկին-1- ի արտադրությանը սուր փուլի հակազդման ժամանակ: AAP-ի արտադրությունը նույնպես զգալիորեն ուժեղանում է B-բջջային պակասուրդային վիճակների ժամանակ, քանի որ ռետիկուլո-էնդոթելիալ համակարգը մշտապես է աշխատում: Երեք հիմնական ամիլոիդներից սա միակն է, որ կորցնում է կոնգոմետությունը, երբ մշակվում է պերմանգանատով: Դասական «երկրորդային ամիլոիդոզի» հիվանդների մեծամասնությունն ունեն այս ձևի ամիլոիդ: Այդ հիվանդներն ունեն որոշ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են բջիջների քայքայմամբ, և դրան ի պատասխան՝ սուր փուլի սպիտների, ներառյալ AAP-ի երկարատև խթանումով: Մի քանի տարի հետո կարող է զարգանալ ամիլոիդոզը: Հայաստանի դեպքում հակազդային համակարգային ամիլոիդոզի հիմնական պատճառը պարբերական հիվանդությունն է: 

Ժառանգական պատճառ ունեցող AA-ամիլոիդոզներից են նաև Muckle-Wells-ի հիվանդությունը (ընտանեկան սառնային եղնջացանը), TRAPS-ը (TNF-receptor associated periodic syndrome), hyper IgD համախտանիշը (շատ հազվադեպ), հնդկական աուտոսոմ դոմինանտ AA-ամիլոիդոզը: AA-ամիլոիդոզի այլ կարևոր պատճառը ռևմաթոիդ արթրիտն է, երբ ամիլոիդոզով բարդանում է իսկապես ծանր դեպքերի մոտ մեկ երրորդը: Չնայած հիվանդությունը մոդուլյացնող հակառևմատիկ ժամանակակից պրեպարատների վաղ և կանոնավոր կիրառումը նվազագույնի է հասցրել ամիլոիդոզի վտանգը ռևմաթոիդ արթրիտի ժամանակ: Հակազդային համակարգային ամիլոիդոզի այլ պատճառներն են երկարատև պալարախտը, բորը, սիֆիլիսը, օսթեոմիելիտը, բրոնխաէկտազային հիվանդությունը, երկարատև բշտային ֆիբրոզը, պարապլեգիան (պարկելախոցերի և միզապարկի վարակների պատճառով), Բեխտերևի հիվանդությունը, աղիների բորբոքային հիվանդությունները (Կրոնի հիվանդությունը, խոցային կոլիտը), մաշկի հերոինային ախտահարումը, պոլիմիոզիտը, երիկամային բջջային քաղցկեղը, Hodgkin-ի հիվանդությունը, Behջet-ի հիվանդությունը, Reiter-ի համախտանիշը և այլն: 

Տրանսթիրետինից ածանցված ամիլոիդ ("AF ամիլոիդ", "ATTR ամիլոիդ", "ընտանեկան ամիլոիդ", "C ամիլոիդ", "մեծահասակների ամիլոիդ", "ծերունական ամիլոիդ", "Sc1 ամիլոիդ") համապատասխանում է ծերունական սրտային և առաջնային ձևին:

Գոյություն ունեն նաև ներզատային պոլիպեպտիդներից, b2-միկրոգլոբուլինից (H-ամիլոիդ, դիալիզային), A4 սպիտակուցից (ամիլոիդային b սպիտակուց, Alzheimer-ի հիվանդության), վարակային պրիոններից (PrP, Creutzfeldt-Jakob-ի հիվանդության), նատրիումամուղ պեպտիդից (AANF) ածանցված, ինչպես նաև անհայտ կազմությամբ ամիլոիդներ: 

A-ամիլոիդոզի բուժումը՝ նրա պատճառ հանդիսացող հիվանդության բուժումն է: Երբեմն ամիլոիդոզը նույնիսկ հետ է զարգանում, երբ արդյունավետորեն բուժվում է հիմնական հիվանդությունը: Մանավանդ լավ օգնում են հակա-ինտերլեյկին-6 հակամարմինները (tocilizumab): Կոլխիցինը պարբերական հիվանդության սպեցիֆիկ բուժում է, և այլ ծագման ամիլոիդոզների ժամանակ նրա արդյունավետությունը խիստ կասկածելի է: AL-ամիլոիդոզի ժամանակ ստացված են նախնական բավականին խոստումնալից տվյալներ սեփական (autologous) ցողունային բջիջների փոխպատվաստումից: Դառչնագույն ծլած բրինձը կարող է որոշ չափով դանդաղեցնել Ալցհեյմերի հիվանդության հարաճումը: Մեծ հույսեր էին փայփայում անտրացիկլինների հետ, որոնք կապվում են b-ծալված սպիտակուցների հետ, դարձնելով նրանց ավելի լուծելի և կանխելով նրանցից կազմվող ամիլոիդի գոյացումը: 

Ցավոք սրտի ներկայումս եղած անտրացիկլինները դեռ մահացու թույներ են և այդ ուղղությամբ վերջին տարիներին նույնիսկ աշխատանքներ էլ չեն տպագրվում: Փոխարենը վերջին տարիներին մեծ հույսեր են կապում eprodisate դեղամիջոցի հետ, որի ազդեցության մեխանիզմը ամիլոիդային թելիկների հետ կապվելն է: Սակայն, մինչև այս միջոցի կլինիկական կիրառմանը բազմաթիվ հետազոտություններ են անհրաժեշտ: Հետազոտություններ են կատարվում նաև Fibrillex պատրաստուկի հետ: Վերջին երկու պատրաստուկների առանձնահատկությունն այն է, որ նրանք համընդհանուր են բոլոր ամիլոիդոզների համար` անկախ ծագումից:

Отправить комментарий

HOME | ABOUT

Copyright © 2011 Բժշկություն | Powered by BLOGGER | Template by The Origina Blogger Tricks